ԳԱՐԳԱՌ

ԳԱՐԳԱՌ

Գարգառ գյուղը գտնվում է մարզկենտրոնից 26 կմ հեռավորության վրա։

Գ․ Գարգառ

Գարգառ գյուղը (հին անվանումը Գյառգյառ է, որ նշանակում է հպարտ-հպարտ) գտնվում է Լոռու մարզում։ Գարգառը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մ բարձրության վրա։ Հեռավորությունը նախկին շրջկենտրոնից՝ Ստեփանավան քաղաքից, 10 կմ է, իսկ մարզկենտրոնից՝ 26 կմ։ Գյուղի աշխարհագրական դիրքը շատ նպաստավոր է, առաջին հերթին, հաղորդակցման տեսակետից, քանի որ նրա միջով է անցնում հանրապետական նշանակության Երևան-Թբիլիսի մայրուղին։ Հենց այս պատճառով էլ գյուղը հաճախակի է ենթարկվել թուրք ու պարսիկ նվաճողների ասպատակություններին, թալանվել ու ավերվել, բայց և նորից ոտքի է կանգնել։ 
Շատ բարենպաստ են նաև գյուղի բնակլիմայական պայմանները։
Գյուղը շրջապատված է բարձրաբերձ լեռներով, թավուտ անտառներով, որոնց հաշվին գյուղն ապահովված է մոտ 50% խմելու ջրով (ջրագիծ չլինելու պատճառով է, որ 100%-ով ապահովված չէ)։ Հյուսիսից Արջասարն ու Յամաջն է, արևմուտքից՝ վեհանիստ Թոդորը, իսկ հարավից՝ Բզովդալի անտառապատ լեռնապարը։ Գեղեցկատես ու հրապուրիչ է լեռների գրկում բազմած Գարգառը։

Գարգառ գյուղում է գտնվում Սուրբ Հովհաննես եկեղեցին: Գյուղի շրջակայքում կա 6 խաչքար, մեկ եկեղեցի, մեկ մատուռ և մեկ գերեզմանոց։ Ծայրերում գտնվում են 10-13-րդ դարերի գյուղատեղի և Ք. ա. 3-2-րդ հազարամյակների ամրոց։ Գյուղից հարավ են գտնվում երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված մեկ հուշակոթող և մեկ հուշաղբյուր. «Ալ. Պուշկինի հանդիպումը Ալ. Գրիբոյեդովի դիակառքին»։

Գ․ Գարգառ
Սուրբ Հովհաննես եկեղեցի

Սուրբ Հովհաննես եկեղեցի, Հայ առաքելական եկեղեցու տաճար է, որը կառուցվել է 1905-1907 թթ.։ ՀՀ Կառավարության 2004 թվականի հունվարի 29-ի N 49-Ն որոշմամբ ընդգրկվել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում»:
Կառուցել են հույն վարպետները գյուղի հայ վարպետների հետ միասին։ Եկեղեցին կառուցվել է գյուղի հասարակության միջոցներով։ Եկեղեցու զանգը բերվել է Ռուսաստանի Տուլա քաղաքից, այն պահպանվում է մինչ օրս։ Եկեղեցին երկրաշարժից հետո կանգուն է մնացել և այժմ այն գործում է։ Ժամանակին չեն պահպանվել եկեղեցական շատ հարստություններ, սրբանկարներ, գրքեր[3]:
Գյուղի առաջին քահանա է օծվել Մկրտիչ Հովակիմի Տեր-Մովսիսյանը, ով մինչ քահանա օծվելը սովորել և ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Նա քահանա է եղել 1907 թ.-ից մինչև 1925 թ։ Նրա գործունեության հիմնական նպատակը եղել է գյուղի բնակչության պաշտպանությունը թուրք ելուզակների հարձակումներից։
Եկեղեցում կատարվել են կրոնական ծիսակատարություններ՝ Ջրօրհնեք, մատաղներ, կնունքներ, պսակների գրանցումներ։ Ականատեսների պատմելով հետաքրքիր արարողություն է եղել «Խաչը ջուրը գցելը», երբ քահանան օրհնել է գյուղի միջով հոսող գետի ջուրը, և բոլորը դույլերով կամ ամաններով վերցրել են գետի ջրից։
 

Սուրբ Հովհաննես եկեղեցի